ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական Միությունը տնտեսական եւ քաղաքական միավորում է, որն իր գործունեությունն իրականացնում է անդամ երկրների կողմից հիմնված կառույցների միջոցով: ԵՄ կազմված է 27 երկրից, ընդհանուր առմամբ մոտ 500 միլիոն բնակչությամբ: ԵՄ վարչական կենտրոն է համարվում Բրյուսելը:

2009 թ. դեկտեմբերի 1-ից պաշտոնապես սկսել է կիրառվել Եվրոպական Միություն անվանումը` որպես իրավաբանական անձ փոխարինելով Եվրոպական համայնքին: 2010թ. հունվարի 1-ից սկսել է գործել Եվրոպական խորհրդի նախագահի ինստիտուտը: Նախագահն ընտրվում է 2.5 տարի ժամկետով` մեկ անգամ վերընտրվելու իրավունքով: Լիսաբոնի պայմանագրով նախատեսված է Արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատարի ինստիտուտի ստեղծումը: Բարձր ներկայացուցչի հիմնական պարտականություններն են. վարել ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականությունը, նախագահել արտաքին գործերի խորհրդի (ԱԳ նախարարներ) նիստերը, ներկայացնել ԵՄ-ն արտաքին եւ անվտանգության հարցերում, վարել քաղաքական երկխոսություններ այլ երկրների հետ եւ ներկայացնել ԵՄ դիրքորոշումը միջազգային ատյաններում, ղեկավարել արտաքին գործերի եվրոպական ծառայության եւ ԵՄ պատվիրակությունների աշխատանքները:

Եվրամիության հիմնական կառույցներն են` Եվրոպական խորհուրդը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական խորհրդարանը:

Եվրոպական խորհուրդը սահմանում է Եվրամիության ընդհանուր քաղաքական ուղղությունը եւ առաջնահերթությունները: Եվրոպական խորհուրդը կազմված է անդամ երկրների ղեկավարներից կամ կառավարությունների ղեկավարներից, խորհրդի նախագահից եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահից:

Եվրամիության խորհուրդը ԵՄ որոշում կայացնող հիմնական կառույցն է: Անդամ երկրների նախարարները հանդիպում են Եվրամիության խորհրդի շրջանակներում: Կախված օրակարգում ընդգրկված հարցի բնույթից` յուրաքանչյուր երկիր խորհրդում ներկայացվում է համապատասխան ոլորտի պատասխանատու նախարարի կողմից (արտաքին գործեր, ֆինանսներ, սոցիալական հարցեր, տրանսպորտ, գյուղատնտեսություն եւ այլն):

Եվրոպական հանձնաժողովը Եվրամիության գործադիր մարմինն է: Այն իրականացնում է ԵՄ ընդհանուր ներկայացուցչությունը եւ շահերի պաշտպանությունը: Այն նախագծում է եվրոպական նոր օրենքներ, իրականացնում է ԵՄ առօրյա քաղաքականությունը եւ տնօրինում է ԵՄ ֆինանսական միջոցները: Հանձնաժողովը նաեւ հետեւում է ԵՄ օրենքների եւ պայմանագրերի կատարմանը:

Եվրոպական խորհրդարանը Եվրամիության միակ ուղղակիորեն ընտրվող կառույցն է: Խորհրդարանի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով Եվրամիության բոլոր անդամ երկրների ընտրողների կողմից: Ներկայումս խորհրդարանն ունի 736 անդամ:

ՀՀ համագործակցությունը ԵՄ հետ

Հայաստանի համագործակցությունը Եվրոպական Միության հետ մշտապես եղել է ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից: Այդ համագործակցությունը հիմնականում ծառայում է ԵՄ հետ քաղաքական հարաբերությունների եւ առեւտրատնտեսական կապերի խորացմանը, ինչպես նաեւ Հայաստանում ժողովրդավարական եւ իրավական պետության հաստատությունների բարեփոխման եւ կատարելագործման նպատակին:

Հայաստանը ԵՄ Հարեւանության քաղաքականության շրջանակներում ընդգրկվել է 2004թ. հունիսին: 2006 թ. նոյեմբերին ԵՄ հետ ստորագրել է Եվրոպական Հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) Գործողությունների ծրագիրը: 2007թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԵՀՔ հնգամյա Գործողությունների ծրագրով Հայաստանը հանձնառություն է ստանձնել համագործակցել եւ առաջընթաց արձանագրել ԵՄ հետ մի շարք առաջնային ոլորտներում ինչպիսիք են` արդարադատությունը, մարդու իրավունքները, ներդրումային բարենպաստ պայմանների ստեղծումը, վարչարարության եւ օրենսդրության մոտարկում, էներգետիկ ոլորտ եւ ԼՂ հիմնահարցի կարգավորմանը նպաստելը, տարածաշրջանային համագործակցությունը: Գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքներն առավել կանոնակարգելու նպատակով ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծվել է եվրոպական կառույցների հետ համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով, որի նախագահ է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղարը: Սահմանվել է Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011թթ. համար նախատեսված միջոցառումների ցանկ:

Արեւելյան գործընկերություն

2009թ. մայիսի 7-ին Պրահայում կայացավ ԵՄ քսանյոթ եւ Արեւելյան գործընկերության վեց երկրների եւ կառավարության ղեկավարների գագաթաժողովը` ազդարարելով Արեւելյան գործընկերության մեկնարկը: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Գագաթաժողովի ընթացքում ստորագրվեց Արեւելյան գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագիր` հիմք դնելով առավել սերտ համագործակցությանն ու նոր նախաձեռնությունների իրականացմանը: Արեւելյան գործընկերությունը նախատեսված է ընդլայնելու համագործակցությունը ԵՄ 27 անդամ երկրների եւ նախկին ԽՍՀՄ եվրոպական հատվածի վեց պետությունների` Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի եւ Ադրբեջանի միջեւ: Արեւելյան գործընկերության օրակարգի հիմնական մասը ձեւավորվելու է ԵՄ-Արեւելյան գործընկեր երկկողմ հարթությունում: Բոլոր Արեւելյան գործընկերներին առաջարկվում է ստորագրել Ասոցացման համաձայնագրեր, որոնք տարբերակվելու են համաձայն առանձին երկրների համագործակցության պահանջների եւ խնդիրների: Ասոցացման համաձայնագրերը կանոնակարգելու են ԵՄ օրենսդրության հետ համակարգված մոտարկումը եւ տարբեր ոլորտներում ընթացակարգերի ներդաշնակեցումը: Արեւելյան գործընկերության շրջանակներում բազմակողմ համագործակցությունն իրականացվում է չորս տարբեր թեմատիկ պլատֆորմների միջոցով. 1.ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում եւ կայունություն, 2. տնտեսական ինտեգրում եւ համապատասխանեցում ԵՄ քաղաքականության հետ 3. էներգետիկ անվտանգություն եւ 4. մարդկանց միջեւ շփումներ:

Նոր պայմանագրային հարաբերություններ ԵՄ հետ
Ասոցացման համաձայնագիր

Եվրամիության հետ ՀՀ համագործակցությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը` Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը, ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսին` 10 տարի ժամկետով: Ըստ համաձայնագրի համապատասխան դրույթի` ժամկետը լրանալուց հետո այն տարեկան ինքնաբերաբար երկարաձգվում է:
Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ը առաջարկել է ասոցացման համաձայնագիր կնքել Հայաստանի հետ: Այն փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին: Ասոցացման համաձայնագրում արտացոլվելու են տնտեսական ինտեգրման, տեղաշարժի եւ էներգետիկայի հարցերի վերաբերյալ համագործակցության ուղենիշները: Ասոցացման համաձայնագիրը նպատակ ունի խորացնելու ԵՄ հետ գործընկեր երկրների քաղաքական ասոցացումը եւ խթանելու տնտեսական ինտեգրումը` ԵՄ օրենսդրության եւ չափանիշների հետ մոտարկման եւ երկուստեք շուկաներ մուտք ապահովելու նպատակով: Ասոցացման համաձայնագիրն ընդգրկելու է խորացված եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի հիմնելու վերաբերյալ դրույթներ: Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010թ. հուլիսի 19-ին:

Խորհրդարանական համագործակցություն

ԵՄ հետ միջխորհրդարանական համագործակցությունը տեղի է ունենում ՀՀ-ԵՄ Խորհրդարանական համագործակցության կոմիտեի շրջանակներում:
ԵՄ երկրների եւ ԵՄ-ի արեւելյան հարեւանների միջեւ համագործակցության խորհրդարանական պլատֆորմ ձեւավորելու նպատակով մշակվել է ԵՄ հարեւանություն-Արեւելք (EURONEST) խորհրդարանական վեհաժողով ստեղծելու գաղափարը, որը պետք է դառնա մասնակից կողմերի միջեւ միջխորհրդարանական երկխոսության կառույց: «Եվրոնեստ»-ը կազմավորվելու է մի կողմից Եվրոպական խորհրդարանի, իսկ մյուս կողմից արեւելյան հարեւանների խորհրդարանների հավասար թվով պատգամավորներից:

ԵՄ խորհրդատվական խումբ

ԵՄ խորհրդատուների խումբ Հայաստան գործուղելու որոշումը կայացվել է 2008թ. նոյեմբերին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Եվրոպական կառույցներ կատարած այցի ընթացքում: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ հանձնակատար Բենիտա Ֆեռերո Վալդները ստորագրեցին հուշագիր, որի համաձայն, տեխնիկական օժանդակության շրջանակներում ՀՀ գործուղվեց ԵՄ խորհրդատուների խումբ: ԵՄ խորհրդատուների կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցությունն արտահայտվում է պետական մարմիններին եւ գերատեսչություններին խորհրդատվական օժանդակության հատկացմամբ: ԵՄ Խորհրդատվական խումբը համագործակցում է ՀՀ գերատեսչությունների հետ` հակակոռուպցիոն ռազմավարության, կառավարման բարեփոխման, մարդու իրավունքների, խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման, պետական պարտքի կառավարման, մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման եւ դիվանագիտական ակադեմիայի հիմնադրման և գործունեության ուղղություններով:

Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ առկա հիմնական միջազգային պայմանագրեր

1996թ. ապրիլի 22-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Համայնքների ու դրանց անդամ պետությունների միջեւ գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագիր (ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսի 1-ին),

2008թ. դեկտեմբերի 9-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական համայնքի միջեւ օդային հաղորդակցությունների որոշակի ասպեկտների մասին համաձայնագիր (ուժի մեջ է մտել 2009թ. նոյեմբերի 12-ին):

ԵՄ-Հայաստան աջակցության ծրագրերի մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ինտերնետային կայքում

ՀԱՄԱՏԵՂ ՀՌՉԱԿԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ԵՎ  ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ

Հղումներ

ԵՄ կայք` www.Europa.eu
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության կայք` www.delarm.ec.europa.eu