• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Եվրոպական խորհրդարանի «Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության» մասին համաժողով

24 հունվարի, 2024
Հունվարի 24-ին Եվրոպական խորհրդարանի անդամ Միրիամ Լեքսմանի և Եվրոպական ժողովրդական խմբակցության հովանավորությամբ տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության» մասին համաժողովը։
 
Բանախոսների շարքում էին միջազգային իրավունքի պրոֆեսոր Պիեռ դ’Աղժանը, Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, «Արցախի հայկական մշակութային ժառանգություն․ միջազգային համակարգում գործող պաշտպանության մեխանիզմներ՝ միտված պահպանելու ժառանգությունը» խորագրով գրքի հեղինակ Արմինե Տիգրանյանը, Բելգիայում ՀՀ դեսպան/ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը, Եվրոպա Նոստրա կազմակերպության Գլխավոր քարտուղար Սնեժկա-Քուադվլիխ Միխայլովիչը։
Համաժողովին ներկա էին Եվրոպական խորհրդարանի անդամներ, Եվրոպա Նոստրա կազմակերպության ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ, լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
Դեսպան Բալայանն իր խոսքում անդրադարձավ Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտմանը, Լեռնային Ղարաբաղից բռնի ուժով տեղահանված հայերի ներկա իրավիճակին, ինչպես նաև հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հույժ կարևորությանը։
 
Նա նշեց, որ քանի դեռ Ադրբեջանը չի կրել ծանր հետևանքներ իր կործանարար և աղետալի գործողությունների համար, ապա Ալիևի ռեժիմը կշարունակի խախտել միջազգային իրավունքը, միջազգային իրավական կարգը և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումները։
Դեսպան Բալայանը ներկայացրեց իր հայրենի գյուղի եկեղեցու նկարները, որն, ըստ արբանյակային նկարների, քանդվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից, և հավելեց, որ նրանք միտված են շարունակել այս աղետալի քաղաքականությունը, քանի որ մնում են անպատիժ։
 
Դեսպան Բալայանը նաև լսարանի ուշադրությունը հրավիրեց Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևի վրա՝ մատնանշելով վերջինիս իրականացման մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը։
 
Միրիամ Լեքսմանը, իր հերթին, մատնանշեց անպատժելիության աղետալի հետևանքները և անդրադարձավ երկակի ստանդարտներին և եվրոպական արժեքները քաղաքական նպատակահարմարությանը զոհաբերելու անթույլատրելիությանը։
 
Պիեռ դ՚Աղժանը ներկայացրեց հարցի իրավական ասպեկտը և անդրադարձավ Արդարադատության միջազգային դատարանում սույն հարցի քննարկման մանրամասներին և ադրբեջանական կողմի հակադիր հայցերին։ Նա նշեց, որ Ադրբեջանը որդեգրել է Հայաստանի հայցերին հայելային սկզբունքով հակադարձելու քաղաքականությունը՝ նպատակ հետապնդելով շեղել միջազգային հանրության ուշադրությունը։
 
Հայր Գարեգինն անդրադարձավ հոգևոր ժառանգությանը և կարևորեց վերջինիս պահպանության հարցը։ Նա նաև ներկայացրեց մի շարք մշակութային կոթողներ, որոնք կա՛մ ոչնչացվել են, կա՛մ օտարվել, կա՛մ կանգնած են ոչնչացման վտանգի առջև։
 
Արմինե Տիգրանյանը ոչ միայն ներկայացրեց բուն կոթողների վտանգված լինելու հանգամանքը, այլև ԼՂ հայերի ոչ նյութական արժեքների, այդ թվում՝ ավանդույթների և համայնքային կյանքի պահպանման կարևորությունը։
Հեղինակի գրքերը բաժանվեցին համաժողովի բոլոր մասնակիցներին։
 
Եվրոպա Նոստրայի Գլխավոր քարտուղարը խստագույնս դատապարտեց Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտումը Լեռնային Ղարաբաղում և ընդգծեց, որ իր ղեկավարած կազմակերպությունը բազմիցս ահազանգել է իրականացվող ոտնձգությունների մասին՝ շեշտելով ԼՂ մշակութային ժառանգության կարևորությունը եվրոպական քաղաքակրթության համար։ Նա նաև առանձնահատուկ շեշտեց, որ «հայկական ժառանգությունը նույն եվրոպական ժառանգությունն է»։
 
Իր եզրափակիչ խոսքում, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելյամին ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության՝ իր պատմական բնօրրանը վերադառնալու իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: