• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ԵՄ գործընկերություն

Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է:

ՀՀ անկախությունից ի վեր համագործակցությունը ԵՄ-ի հետ մեծապես նպաստել է ՀՀ-ում տնտեսության, արդարադատության, պետական կառավարման ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ամրապնդմանը:

2020թ. հուլիսի 31-ին ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար է նշանակվել դեսպան Աննա Աղաջանյանը։ 2019թ. սեպտեմբերի 17-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար է նշանակվել դեսպան Անրեա Վիկտորինը։

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկը տրվեց 2015թ. դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի ներկայությամբ։ Բանակցային գործընթացը տևեց մեկ տարի և երկու ամիս՝ ներառելով բանակցային 9 փուլ։

2017թ. փետրվարի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում հայտարարեցին բանակցային գործընթացի ավարտի մասին, իսկ 2017թ. մարտի 21-ին Երևանում կողմերը նախաստորագրեցին ՀԸԳՀ-ն։

Համաձայնագիրը ստորագրվեց 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ։

2018թ. մայիսի 16-ին Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ին Եվրոպական խորհրդարանի կողմից սատարման բանաձևի նախագիծը և դրան հարակից ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ բանաձևի նախագիծը։

2018թ. հունիսի 1-ից մեկնարկեց համաձայնագրի՝ ԵՄ բացառիկ իրավասության ներքո գտնվող դրույթների ժամանակավոր կիրարկումը՝ ըստ ՀԸԳՀ 385-րդ հոդվածի։ Սույն հոդվածի համաձայն մինչև վավերացման գործընթացի ավարտն ու վերջնական ուժի մեջ մտնելը Համաձայնագիրը կարող է ժամանակավորապես կիրարկվել ավանդապահին հանձնելուց հետո երկրորդ ամսվա առաջին օրվանից:

Ժամանակավորապես կիրարկվող հոդվածները կազմում են Համաձայնագրի մոտավորապես 80%-ը, իսկ մնացյալ 20%-ը (հիմնականում այն հոդվածները, որոնք գտնվում են ԵՄ անդամ երկրների իրավասության շրջանակներում) ուժի մեջ կմտնի ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից Համաձայնագրի վավերացումից հետո։

2018թ․ հուլիսի 2-ին ՀՀ վարչապետի 906-Ա որոշմամբ վերստեղծվեց ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ և «ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, որի համակարգմանն են վերապահված համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի մշակումը և ոլորտային մոտարկման գործընթացի իրականացումը։

ՀԸԳՀ-ի կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծի՝ Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողության եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) հետ համաձայնեցումից հետո՝ 2019թ․ ապրիլ և մայիս ամիսներին, այն քննարկվեց ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակություն ներկայացուցիչների միջև։ 2019թ. հունիսի 1-ին ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատվեց ՀՀ վարչապետի 666–Լ որոշմամբ։ 2019թ. հունիսի 13-ին ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը ողջունեց սույն ճանապարհային քարտեզը։

Գործընկերության խորհուրդ

2019թ․ հունիսի 13-ին Բրյուսելում կայացավ ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ով նախատեսված բարձրագույն կանոնադրային մարմնի՝ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը, որին մասնակցող ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, իսկ ԵՄ կողմից՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Վերջիններս նիստի արդյունքներն ամփոփեցին համատեղ մամլո ասուլիսի և համատեղ մամլո հաղորդագրության միջոցով՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային, ինչպես նաև միջազգային կարևորություն ունեցող մի շարք հարցերի:

Գործընկերության կոմիտե (Ընդհանուր և Առևտրի հարցերով)

2019թ. դեկտեմբերի 16-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի (Ընդհանուր հարցերով) երկրորդ նիստը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ԱԳԵԾ՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինի համանախագահությամբ: Նիստին, ի թիվս այլ հարցերի, քննարկվեցին ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի կատարողականը, ՀՀ-ԵՄ ոլորտային համագործակցությունը, ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները, ԱլԳ 2020թ.-ից անդին օրակարգը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցեր։

2019թ․ հոկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի և Եվրոպական հանձնաժողովի առևտրի հարցերով գլխավոր տնօրեն Պետրոս Սուրմելիսի համանախագահությամբ։ Նիստի ընթացքում քննարկվեց ՀԸԳՀ Մաս 6-րդի (Առևտուր և առևտրին առնչվող հարցեր) ճանապարհային քարտեզի կատարողականը:

Գործընկերության ենթակոմիտեներ

2019թ. մարտի 12-ին Երևանում կայացավ ՀՀ-ԵՄ Տնտեսական համագործակցության և այլ առնչվող ոլորտներով ենթակոմիտեի առաջին նիստը։

2019թ. ապրիլի 9-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության ենթակոմիտեի 10-րդ նիստը։

2019թ. սեպտեմբերի 26-ին Երևանում կազմակերպվեց ՀՀ-ԵՄ Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման և կրթության, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների, մշակույթի, երիտասարդության հարցերով (Մարդկանց միջև շփումների) ենթակոմիտեի 5-րդ նիստը։

2019թ. հոկտեմբերի 16-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը:

Երկկողմ բարձրաստիճան փոխայցեր

ՀՀ-ից (2016-2020թթ.)

2020թ. մարտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

2019թ. հունիս

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան

2019թ. մարտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

2018թ. հուլիս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

2018թ. հունիս

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան

2018թ. փետրվար

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2017թ. մայիս

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

2017թ. փետրվար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

2016թ. հունվար

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

 

ԵՄ-ից (2015-2020)

2020թ. փետրվար

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար

2019թ. հոկտեմբեր

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար

2019թ. հուլիս

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ

2019թ. հունիս

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար

2019թ. մարտ

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիպ

2019թ. փետրվար

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար

2019թ. փետրվար

ԵՄ անդամ երկրների՝ ԱլԳ հարցերով դեսպաններ/հատուկ բանագնացներ

2019թ. հունվար

ԵՄ հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հան

2018թ. հունիս

Եվրոպական խորհրդարանի պատվիրակություն

2018թ. մայիս

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար

2018թ. փետրվար

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար

2017թ. դեկտեմբեր

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար

2017թ. հոկտեմբեր

ԵՄ հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հան

2017թ. հոկտեմբեր

ԵՄ խորհրդի Քաղաքական և անվտանգության կոմիտե

2017թ. փետրվար

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոն

2016թ. մարտ

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի

2015թ. հուլիս

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ

2015թ. մարտ

ԵՄ հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հան

 

Շարժունակություն

2011թ. հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրվեց ՀՀ և ԵՄ ու ԵՄ 10 անդամ երկրների միջև «Շարժունակության շուրջ գործընկերություն» համատեղ հռչակագիրը, որի շրջանակներում նախատեսվում է միգրացիայի ոլորտի կառավարմանը, աշխատանքային միգրացիային, մասնագիտական վերապատրաստմանը և մի շարք այլ ոլորտների ուղղված ծրագրերի իրականացում: Շարժունակության շուրջ ԵՄ գործընկերների հետ բարձրաստիճան առաջին հանդիպումը կայացավ 2015թ. դեկտեմբերին, երկրորդը՝ 2018թ. հունվարի 23-ին Բրյուսելում: Քննարկումների արդյունքում կողմերն արձանագրեցին Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագրի իրականացման առաջընթացը և պայմանավորվեցին առավել համակարգված դարձնել ներգրավված կառույցների և կազմակերպությունների աշխատանքը, ապագա նախաձեռնություններն ու ծրագրերը:

2015թ. մեկնարկեց «Աջակցություն միգրացիային և սահմանային կառավարմանը» ծրագիրը, որն իրականացնում է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակը:

---

Եվրոպական միության հետ ոլորտային համագործակցության ընդլայնման նպատակով 2012թ. դեկտեմբերին ԵՄ հետ ստորագրվեց ԵՄ ծրագրերին Հայաստանի մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ արձանագրությունը, որն ուժի մեջ մտավ 2014թ. մարտի 1-ից՝ Հայաստանին հնարավորություն ընձեռելով մասնակցելու ԵՄ տարբեր ծրագրերին և գործակալություններին կրթական, առողջապահական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում:

2015թ. դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ստորագրվեց «Փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակություն (COSME) (2014-2020)» ծրագրին ՀՀ մասնակցության մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ մտավ 2016թ. սկզբին:

2016թ. մայիսի 19-ին Բրյուսելում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ու ԵՄ հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլուշ Մոյեդաշը ստորագրեցին Եվրոպական միության հետազոտությունների և նորարարության «Հորիզոն 2020» շրջանակային ծրագրին Հայաստանի միանալու մասին համաձայնագիրը:

2016թ. դեկտեմբերի 1-ին Բրյուսելում կայացած ԵՄ խորհրդի նիստին որոշում ընդունվեց Եվրոպական հանձնաժողովին տրամադրել մանդատ՝ Հայաստանի հետ Համապարփակ օդային փոխադրումների մասին (Ընդհանուր ավիացիոն գոտու) համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու նպատակով։ 2017թ. մարտին մեկնարկեցին բանակցությունները, իսկ համաձայնագրի տեքստը նախաստորագրվեց 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԱլԳ գագաթաժողովի շրջանակներում։

2016թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունեց ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» բաղադրիչին անդամակցության բանակցությունները սկսելու մասին որոշում։ 2017թ. ընթացքում կողմերը բանակցեցին համաձայնագրի տեքստը, որը Փոխըմբռնման հուշագրի տեսքով ստորագրվեց 2018թ. մարտի 21-ին Բրյուսելում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և ԵՄ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնակատար Տիբոր Նավրաչիչի կողմից։

2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ և ԵՄ ստորագրեցին բարձրաստիճան փոխըմբռնման փաստաթուղթ, որը հաստատեց Հայաստանի ավտոմայրուղիների և երկաթգծի համակարգի ինտեգրումը Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցին (TEN-T)։

Մուտքի արտոնագրերի դյուրացում

2012թ. դեկտեմբերի 17-ին ստորագրվեց «ՀՀ և ԵՄ միջև Մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը, իսկ 2013թ. ապրիլի 19-ին` «ՀՀ և ԵՄ միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագիրը։ Վերջիններս ուժի մեջ մտան 2014թ. հունվարի 1-ից: Մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրով ՀՀ մի շարք խմբերի քաղաքացիների համար պարզեցված մուտք է նախատեսվում Շենգենյան գոտու երկրներ: ՀՀ կառավարության որոշմամբ ԵՄ անդամ և Շենգենյան համաձայնագրի դրույթները կիրառող ԵՄ ոչ անդամ երկրների քաղաքացիների համար 2013թ. հունվարից սահմանվեց առանց մուտքի արտոնագրի այցելությունների ռեժիմ:

Վերոնշյալ համաձայնագրերի կիրարկման մշտադիտարկման նպատակով ստեղծվել են ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով և ՀՀ-ԵՄ Հետընդունման հարցերով համատեղ կոմիտեներ։ Վերջիններիս 5-րդ նիստերն անցկացվել են համապատասխանաբար 2019թ. սեպտեմբերի 13-ին և ապրիլի 2-ին Երևանում։

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործընկերություն

2009թ.-ից ՀՀ և ԵՄ միջև ընթանում են մարդու իրավունքների շուրջ երկխոսության տարեկան նիստեր: Հանդիպումները տեղի են ունենում տարեկան մեկ անգամ հաջորդաբար Երևանում և Բրյուսելում:

Երկխոսության ընդգրկուն օրակարգը ներառում է մարդու իրավունքներին վերաբերող բազմաթիվ հարցեր` մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգ, դատական բարեփոխումներ, արտահայտվելու և տեղեկատվության ազատություն, հավաքներ անցկացնելու և միավորումներ կազմելու ազատություն, քաղաքացիական հասարակության գործունեություն:

2019թ. ապրիլի 8-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական՝ 10-րդ նիստը։ ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ ԱԳԵԾ ԱլԳ երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբբելսը: ՀՀ և ԵՄ քննարկեցին, ի թիվս այլ հարցերի, հավաքների և արտահայտման ազատությանը, ընտրական ոլորտի բարեփոխումներին, գենդերային հավասարությանը, հակախտրականության քաղաքականությանը, արդարադատության ոլորտի, քրեակատարողական հաստատությունների բարեփոխումներին, ինչպես նաև աշխատանքային իրավունքներին վերաբերող հարցեր:

Եվրոպական հարևանության քաղաքականություն

2015թ. մարտին Եվրոպական հանձնաժողովի կողմից հրապարակվեց Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման մասին առաջարկը` գործընկեր երկրների հետ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: ԵՀՔ ապագայի վերաբերյալ հարցադրումների բաժանումը կատարվել էր 5 ուղղություններով` տարբերակում, թիրախային համագործակցություն, ճկունություն, համատեղ պատասխանատվություն և տեսանելիություն: 2015թ. նոյեմբերի 18-ին Եվրոպական խորհրդարանը հավանության արժանացրեց վերանայված ԵՀՔ-ն, իսկ դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդն այն հաստատեց: Հայաստանը ողջունեց նոր քաղաքականության շրջանակներում տարբերակման և «ավելին ավելիի դիմաց» սկզբունքներով առաջնորդվելու գաղափարը:

ԵՀՔ վերանայումից, մասնավորապես՝ տարբերակման սկզբունքի ամրագրումից հետո Եվրոպական միությունը նոր մոտեցումներ ձևավորեց իր գործընկերների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ 2016թ. հոկտեմբերին Արտաքին գործողության եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի համատեղ պատվիրակությունն այցելեց Երևան և հայկական կողմին ներկայացրեց «Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի նախագիծը։ Մի քանի փուլ տևած քննարկումների արդյունքում փաստաթուղթը հաստատվեց 2017թ. նոյեմբերի 20-ին, ապա ստորագրվեց 2018թ. փետրվարի 21-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի կողմից։ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ միասին «Գործընկերության առաջնայնություններ»-ը դարձան ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության հիմնական ուղենիշերը։

«Գործընկերության առաջնայնություններ»-ին զուգահեռ  քննարկվեց նաև 2017-2020թթ. Հայաստանին տրամադրվելիք «Միասնական աջակցության շրջանակ» փաստաթուղթը, որն ընդգրկում է մոտ 20 ոլորտային ուղղություններ։ Այն ԵՄ կողմից հաստատվեց 2017թ. նոյեմբերին։

Արևելյան գործընկերություն

Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) հիմնադրվել է 2009թ. որպես Եվրոպական հարևանության քաղաքականության hատուկ ուղղություն՝ ի հավելումն Հյուսիսային ուղղության և Միջերկրածովյան միության: Աշխարհագրորեն այն ներառում է Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Ադրբեջանը:

2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացավ ԱլԳ 5-րդ գագաթաժողովը։ ԵՀՔ վերանայումից հետո այս գագաթաժողովը կարևոր հանգրվան դարձավ ԱլԳ ձևաչափի վերաիմաստավորման համար՝ ամենաբարձր մակարդակով քննարկելու, ներկայացնելու ակնհայտ հաջողություններն ու ձեռքբերումները և նոր լիցք հաղորդելու համագործակցությանը։

Գագաթաժողովի մասնակիցներին ներկայացվեց նաև «20 արդյունք մինչև 2020թ.» փաստաթուղթը, որը հանդիսանում է կոնկրետ նպատակակետերի ուղղված և շոշափելի արդյունքներ ապահովող գործողությունների մի  փաթեթ։

Գագաթաժողովի արդյունքում մասնակից երկրների ղեկավարների կողմից ընդունվեց Համատեղ հռչակագիր, որը, ի թիվս այլ հարցերի, ողջունում է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ստորագրումը։

ԱլԳ շրջանակներում բազմակողմ համագործակցությունը հիմնականում իրականացվում է թեմատիկ 4 հարթակների և 12 աշխատանքային խմբերի միջոցով։ Բրյուսելյան գագաթաժողովի արդյունքում հաստատվեց ԱլԳ նոր ճարտարապետությունը, համաձայն որի՝ հիմք ընդունելով նոր առաջնայնությունները՝ փոփոխվեց արդեն իսկ գոյություն ունեցող հարթակների և աշխատանքային խմբերի կառուցվածքը

1. Պետական կառույցների հզորացում և լավ կառավարում 

  • Կառավարում և հանրային վարչարարության բարեփոխումներ
  • Իրավունքի գերակայություն
  • Անվտանգություն, ԸԱՊՔ և քաղաքացիական պաշտպանություն

 2. Տնտեսական զարգացում և շուկայական հնարավորություններ 

  • Կառուցվածքային բարեփոխումներ, ֆինանսական ոլորտի ճարտարապետություն, գյուղատնտեսություն և ՓՄՁ-ներ
  • Առևտուր
  • Թվային շուկաների ներդաշնակեցում

 3. Կապակցվածություն, էներգետիկ արդյունավետություն, շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն

  • Էներգետիկա
  • Տրանսպորտ
  • Շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն

 4. Շարժունակություն և մարդկանց միջև շփումներ

  • Կրթություն, մշակույթ և երիտասարդություն
  • Հետազոտություն և նորարարություն
  • Միգրացիա, շարժունակություն և սահմանների համալիր կառավարում

ԱլԳ հարթակների և աշխատանքային խմբերի հանդիպումները տեղի են ունենում տարեկան երկու անգամ համապատասխան ոլորտի պաշտոնյաների և փորձագետների մասնակցությամբ:  

Բազմակողմ համագործակցության ձևաչափերից են նաև ԱԳ և ոլորտային նախարարական հանդիպումները և ԱլԳ արտգործնախարարների ոչ պաշտոնական երկխոսությունը, որը հաջորդաբար տեղի է ունենում գործընկեր երկրներից որևէ մեկի մայրաքաղաքում: Տարեկան երկու անգամ կազմակերպվում են ԱլԳ Ավագ պաշտոնյաների հանդիպումներ՝ ԱԳ նախարարների տեղակալների և ԵՄ-ում հավատարմագրված ԵՄ և ԱլԳ երկրների դեսպանների մակարդակով։

Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ԱլԳ շրջանակներում կազմակերպվող տարբեր հանդիպումների ու միջոցառումների:

 ԱլԳ գագաթաժողովներ

2017թ. նոյեմբեր, Բրյուսել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

2015թ. մայիս, Ռիգա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

2013թ. նոյեմբեր, Վիլնյուս

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

2011թ. սեպտեմբեր, Վարշավա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

2009թ. մայիս, Պրահա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

 ԱԳ նախարարների հանդիպումներ

2019թ. մայիս, Բրյուսել

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան,

ԱլԳ ԱԳ նախարարների հանդիպում

2019թ. մայիս, Բրատիսլավա

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան,

Վիշեգրադյան քառյակի և ԱլԳ երկրների նախարարական հանդիպում

2018թ. հոկտեմբեր, Լյուքսեմբուրգ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան,

ԱլԳ ԱԳ նախարարների հանդիպում

2018թ. հունիս, Մինսկ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան,
ԱլԳ ոչ պաշտոնական երկխոսության նիստ

2017թ. հուլիս, Քիշնև

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան,
ԱլԳ ոչ պաշտոնական երկխոսության նիստ

2017թ. հունիս, Լյուքսեմբուրգ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան,
ԱլԳ ԱԳ նախարարների հանդիպում

2017թ. ապրիլ, Վարշավա

 ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան,
Վիշեգրադյան քառյակի և ԱլԳ երկրների նախարարական հանդիպում

 

Արևելյան գործընկերության (ԱլԳ) 10-ամյակ

2019թ. լրացավ ԱլԳ 10-ամյակը։ Ի նշանավորումն ԱլԳ 10-ամյակի՝ 2019թ. հոկտեմբերի 9-ին Հայաստանը հյուրընկալեց կրթությանը, նորարարությանը և երիտասարդների առաջխաղացմանը նվիրված «Living Smart-Empowering Youth» խորագիրը կրող միջազգային համաժողով։ Միջոցառմանը որպես հիմնական բանախոս հանդես եկավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

ԱլԳ 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովի ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը տվեց ԱլԳ ապագայի վերաբերյալ համակարգային կանոնավոր խորհրդակցությունների մեկնարկը։ Դրանք միտված էին ԱլԳ ռազմավարական ուղղվածության որոշմանը և 2020թ.-ից հետո ընկած ժամանակահատվածի համար նոր նպատակակետերի սահմանմանը:

2019թ. ընթացքում տեղի ունեցան ԱլԳ 10-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ Փետրվարի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ԱլԳ տալլինյան 6-րդ տարեկան համաժողովին՝ որպես հրավիրյալ բանախոս։ Մայիսի 6-ին Բրատիսլավայում տեղի ունեցավ Վիշեգրադյան քառյակի և ԱլԳ երկրների ԱԳ նախարարական հանդիպումը։ Մայիսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց ԱլԳ 10-ամյակին նվիրված, Բրյուսելում կայացած պաշտոնական ընթրիքին, իսկ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ԱլԳ ԱԳ նախարարների հանդիպմանը: Մայիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում մասնակցեց նաև ԱլԳ 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին և ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի կազմակերպած թեմատիկ քննարկմանը: Հուլիսի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Վրաստանում մասնակցեց Բաթումիի 16-րդ միջազգային համաժողովին՝ նվիրված ԱլԳ 10-ամյակին և վերջին տասնամյակում գրանցված ձեռքբերումների ամփոփմանը։ Նոյեմբերի 4-6-ը Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց ԱլԳ 10-ամյակին նվիրված միջոցառումներին։

Խորհրդարանական գործընկերություն

ՀՀ և ԵՄ միջև խորհրդարանական համագործակցության հիմնական երկկողմ ձևաչափը Խորհրդարանական գործընկերության կոմիտեն է: Կոմիտեի կազմում ընդգրկված են ՀՀ Ազգային ժողովի և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Այն երկու կողմերին հնարավորություն է տալիս մտքեր փոխանակել և առաջարկություններ ներկայացնել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Կոմիտեի տարեկան հանդիպումները հաջորդաբար անցկացվում են Երևանում և Բրյուսելում կամ Ստրասբուրգում: ՀՀ-ԵՄ Խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդրանիկ նիստը տեղի է ունեցել 2018թ. հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում: Կոմիտեի նիստերին ընդունվում են եզրափակիչ հայտարարություններ:

Ներկայում Խորհրդարանական գործընկերության կոմիտեն ՀՀ ԱԺ կողմից համանախագահում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, իսկ Եվրոպական խորհրդարանի կողմից՝ Սոցիալ-դեմոկրատների առաջադիմական դաշինքից Մարինա Կալյուրանդը։

Եվրոպական միության և ԱլԳ  երկրների միջև խորհրդարանական համագործակցության հարթակն է Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովը, որի անդրանիկ նիստը տեղի ունեցավ 2011թ. մայիսի 3-ին Բրյուսելում: 2015թ. մարտի 17-ից 18-ին Երևանում տեղի ունեցավ Եվրոնեսթ ԽՎ-ի 4-րդ լիագումար նիստը: 8-րդ նիստը տեղի ունեցավ 2019թ. դեկտեմբերին Վրաստանում:

Այժմ Եվրոնեսթ ԽՎ-ի կազմում ներառված է 60 պատգամավոր Եվրոպական խորհրդարանից և 10-ական պատգամավոր` ԱլԳ երկրների խորհրդարաններից:

Եվրոնեսթ ԽՎ-ն ունի երկու համանախագահ, որոնցից մեկը ներկայացնում է Եվրոպական խորհրդարանը, իսկ մյուսը՝ ԱլԳ երկրներից մեկի օրենսդիր մարմինը: Ներկայիս համանախագահներն են Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ պատգամավոր, լիտվացի Անդրիուս Կուբիլիուսը և Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իվան Կրուլկոն:

Եվրոնեսթ ԽՎ-ի ընդհանուր աշխատանքների համար պատասխանատու է Բյուրոն, որի կազմում ընդգրկված են երկու համանախագահները և ԽՎ փոխնախագահները /ներկայում 8 անձ/ հավասար թվով Եվրոպական խորհրդարանից և ԱլԳ երկրների օրենսդիր մարմիններից:

Եվրոնեսթ ԽՎ-ի շրջանակներում գործում են նաև 4 մշտական կոմիտեներ՝ 1. քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի, 2.  տնտեսական ինտեգրացիայի, օրենսդրական մոտարկման և ԵՄ քաղաքականության հետ ներդաշնակեցման հարցերի, 3. էներգետիկ անվտանգության, 4. սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի:

Եվրոնեսթ ԽՎ-ում ՀՀ 7-րդ գումարման ԱԺ պատվիրակությունը ղեկավարում է պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

Առևտրատնտեսական հարաբերություններ

2009թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունն օգտվում է կայուն զարգացման և արդյունավետ կառավարման համար ԵՄ կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+):

2014թ. հունվարի 1-ի` Եվրոպական հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել է ԵՄ վերանայված «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի (GSP+)» արտոնյալ առևտրային ռեժիմի նոր փուլում:

«GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմը հնարավորություն է տալիս հայկական ծագման ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

«Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո արտահանումները դեպի ԵՄ անդամ երկրներ այժմ իրականացվում են առավել պարզեցված տարբերակով:

2018թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ներդրվել է «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային նոր` «Գրանցված արտահանողների համակարգը» (REX): Արտադրողները և արտահանողները տեղական ծագման ապրանքները ԵՄ շուկա արտահանելու նպատակով պետք է գրանցվեն «REX» էլեկտրոնային համակարգում: Համակարգում գրանցումը հնարավորություն է տալիս «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում դեպի ԵՄ արտահանումներն իրականացնել առանց ծագման երկրի Ա ձևի հավաստագրի՝ յուրաքանչյուր արտահանման դեպքում ներկայացնելով միայն ծագման հավաստման հայտարարություն:  

«Գրանցված արտահանողների համակարգում» գրանցումն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից (https://mineconomy.am/page/791):

2018թ․ տվյալների համաձայն Հայաստանի առևտրի ընդհանուր ծավալի 24.8%-ը բաժին է ընկնում ԵՄ-ին։ Հայաստանից ԵՄ շուկա արտահանման ցուցանիշը կազմում է 28.3%, ներմուծման ցուցանիշը՝ 23.0%: 2017-2018թթ. Հայաստանի Հանրապետությունից ԵՄ անդամ երկրներ արտահանված հիմնական ապրանքներն են պղնձի հանքաքարեր և խտահանքեր, երկաթահամահալվածք, ալյումինե նրբաթիթեղ, չզտված պղինձ, մանածագործական արտադրանք, ադամանդ, ցինկի հանքաքար, ալկոհոլային խմիչքներ, մոլիբդենի հանքաքար, խտահանք և ոսկի: Հայաստանի Հանրապետություն ԵՄ անդամ երկրներից ներմուծված հիմնական ապրանքներն են կշռածրարած դեղամիջոցներ, ոչ հում նավթ և նավթամթերք, հավաքովի շինարարական կոնստրուկցիաներ, կավճապատ թուղթ և ստվարաթուղթ, թութունի պատրաստման սարքավորում, մարդատար ավտոմեքենա, ադամանդ, սարքեր՝ սպասք, շիշ լվացող կամ չորացնող, լցնող, փակող, պիտակավորող, ըմպելիք գազավորող, սննդամթերքի կամ ըմպելիքի արդյունաբերական պատրաստման սարքավորում, արյուն, հակաշիճուկ, պատվաստանյութ, աճեցրած մանրէներ:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առևտրաշրջանառության ծավալներ

(մլն ԱՄՆ դոլար)

 

Արտահանում

Ներմուծում

2016

478,8

739,3

2017

633,76

903,8

2018

638,40

1155,3

2019 հունվար-նոյեմբեր

549,4

1010,6

 

Հղումներ

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր arm  eng

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզ https://www.e-gov.am/u_files/file/decrees/varch/2019/19_666_1.pdf

Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնայնությունների փաստաթուղթ

20 արդյունք մինչև 2020-ը փաստաթուղթ

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հռչակագիր (Բրյուսել, նոյեմբերի 24, 2017թ.)

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հռչակագիր (Ռիգա, մայիսի 21-22, 2015թ.)

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հռչակագիր (Վիլնյուս, նոյեմբերի 28-29, 2013թ.)

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիր

Հավելյալ առևտրատնտեսական տվյալներ՝

https://webgate.ec.europa.eu/isdb_results/factsheets/country/details_armenia_en.pdf 

 

ԵՄ կայքեր՝

http://europa.eu/

www.consilium.europa.eu/

www.eeas.europa.eu/

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: