• English
  • Հայերեն
ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն
  • Ներկայացուցչություն
    • Ներկայացուցչության ղեկավար
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

2013թ. հունվարի 8-10 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության այցը Բրյուսել

11 հունվարի, 2013

2013թ. հունվարի 8-10 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով գտնվում էր Բրյուսելում:

Պատվիրակության կազմում ընգրկված էին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Վահե Էնֆիաջյանը, Խաչիկ Հարությունյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը եւ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունվարի 9-ին հանդիպեց Եվրոպական ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները, բարձր գնահատեցին արդեն իսկ արձանագրված քաղաքական երկխոսության դրական դինամիկան եւ երկուստեք այն պահպանելու եւ շարունակելու պատրաստակամություն հայտնեցին :

Նշվեց, որ առաջընթաց է արձանագրվել ՀՀ-ԵՄ բանակցային գործընթացում` Ասոցացման համաձայնագրի եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու ուղղությամբ, միեւնույն ժամանակ բանակցությունները 2013 թվականին ավարտին հասցնելու պատրաստակամություն հայտնեցին, ինչը նոր որակ կհաղորդի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:

Կարեւորվեց նաեւ ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը ազատ եւ եվրոպական չափանիշներին համապատասխան նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ :

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նույն օրը հանդիպեց նաև ԵԽ ԵԺԿ խմբակցության ղեկավար Ժոզեֆ Դոլի հետ:

ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրեց, որ ԵՄ կառույցների հետ համագործակցությունը դրական զարգացում ունի, եւ կարեւորեց ԵԺԿ դերը եվրոպական ինքնության պահպանության եւ Եվրոպական Միության գործընկեր երկրների հետ համագործակցության խորացման գործում:

Հունվարի 9-ին Բրյուսելում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ստեղծման արարողությանը:

Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար տիկին Էլենի Թեոխարոսը կարեւորեց խմբի ստեղծումը` համոզմունք հայտնելով, որ այն ԵՄ-ՀՀ նոր փոխգործակցության սկիզբ կդառնա, կձեւավորվեն փոխշահավետ տնտեսական, քաղաքական ու մշակութային ակտիվ հարաբերություններ, կզարգանան միջխորհրդարանական կապերը: Նրա գնահատմամբ` Հայաստանն իր անցյալով ու ներկայով եվրոպական արժեքային համակարգի մեջ է, եւ ինչպես Եվրոպան, այնպես էլ Հայաստանը միմյանց տալու շատ բան ունեն: 

Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ստեղծման արարողության ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես եկավ ողջույնի խոսքով. 

Հունվարի 10-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային նախաճաշ անցկացրեց Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ:

Երկուստեք կարեւորվեց խորհրդարանական համագործակցության շրջանակներում տեղի ունեցող քաղաքական երկխոսությունը: ԱԺ նախագահի գնահատմամբ` Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Արեւելյան գործընկերության բազմակողմ ձեւաչափով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Նա անդրադարձավ նաեւ Եվրանեսթի լիագումար նստաշրջանը 2014 թվականին Երեւանում անցկացնելու հարցին` գոհունակություն հայտնելով Եվրանեսթի Բյուրոյի մի շարք անդամների համաձայնության համար:

Քննարկվեց նաեւ Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները հնարավորինս շուտ ավարտին հասցնելու հարցը:

ԱԺ նախագահն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին` նշելով, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից մեկը: Նա տեղեկացրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները, որպես առաջնահերթ քայլ, արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում են համաձայնություն ստանալ շփման գծից դիպուկահարների հետքաշման, հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հարցում:

Հովիկ Աբրահամյանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարեւորեց ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային տեսանկյունից: Նա նշեց, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, հավատարիմ մնացել Ցյուրիխում ստորագրած արձանագրությունների ոգուն, այնինչ Թուրքիան շարունակում է առաջ քաշել արձանագրություններում բացակայող նախապայմաններ, որոնք ի սկզբանե անընդունելի են Հայաստանի համար այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որեւէ կապ չունի եւ չի էլ կարող ունենալ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման խնդրի հետ:

Հունվարի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպուի հետ:

ԱԺ նախագահը իր գոհունակությունը հայտնեց կրկին հանդիպելու հնարավորության համար` արձանագրելով, որ վերջին տարիներին Եվրամիության եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվ համագործակցությունն այն փաստի վկայությունն է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց անցյալ տարվա հուլիսին Երեւան կատարած նրա այցելությունը, մասնավորապես Ազգային ժողովում ունեցած տպավորիչ ելույթը` նկատելով, որ այն մեծ ջերմությամբ ու հավանությամբ ընդունվեց ԱԺ պատգամավորների եւ, ընդհանրապես, հանրության կողմից:

ԱԺ նախագահը գոհունակությամբ նշեց, որ ԵՄ- ՀՀ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, տնտեսության, պետական կառավարման հաստատությունների զարգացմանը: Նա հավաստիացրեց, որ Հայաստանը հաստատակամորեն շարունակելու է հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ կոնկրետ քայլերի մշակումն ու իրականացումը:

Քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Սիրիայում տիրող իրավիճակին: Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպուի խնդրանքով ԱԺ նախագահը պատմեց Հայաստանում ապաստանած հազարավոր սիրիահայ ընտանիքներին աջակցելու ՀՀ իշխանությունների եւ հասարակական կազմակերպությունների ջանքերի, նրանց հոգսերը թեթեւացնելուն ուղղված քայլերի մասին: 

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

ԵՄ-ում ՀՀ Ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: